Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այդ մի թիզ պետության՝ Իսրայելի մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար»

«Այդ մի թիզ պետության՝ Իսրայելի մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար»
28.11.2008 | 00:00

«ՔՐԻՍՏՈՍՆ ԱՊՐԵՑ, ՔԱՐՈԶԵՑ ՈՒ ԽԱՉՎԵՑ ՄԱՍՈՒՆՔԻ ՆՄԱՆ ՍՈՒՐԲ ԱՅՍ ՀՈՂԻ ՎՐԱ»
Վերջերս Երուսաղեմի սուրբ Հարության տաճարում կատարված դեպքերի առիթով է այս հրապարակումը, որպեսզի ընթերցող հայորդիները հանգամանալից տեղեկանան Սուրբ քաղաքի հայոց արմատներին։
Երեք կրոններ դավանող ազգերի սրբավայր-քաղաքը Երուսաղեմ՝ մովսիսականություն (կամ հուդայականություն) դավանող հրեաները, քրիստոնեություն դավանող բազմաթիվ պետություններ, այդ թվում և` հայերը, և մուսուլմանության հետնորդները՝ այդ թվում և` պաղեստինցիները, որոնք այդ հողի բնիկներն են համարվում, կյանքի ու մահու պատերազմի մեջ են բազում դարեր։ Այդ է պատճառը, որ այդ մի թիզ պետության՝ Իսրայելի (ընդամենը 26.000 քառակուսի կմ) նախկին մայրաքաղաքում դաժան պայքար է գնում արևի տակ տեղ ունենալու համար։
Իհարկե, ընթերցողը կհարցնի. «Արդյո՞ք մեր քրիստոնյա փոքրիկ ազգին հաջողվել է գոնե մի հիշատակ ունենալ այս սուրբ քաղաքում, որտեղ աշխարհի շատ հզոր պետություններն անգամ մի ոտնատեղ չունեն»:
Այս հարցի պատասխանը գտնելու համար մտնենք սուրբ քաղաքի` պարսպապատ Հին Երուսաղեմի յոթ դարպասներից մեկով և իսկույն կհայտնվենք դարերի կնիքը կրող, նեղլիկ ու հին տներով և երեք կրոնների բազմաթիվ եկեղեցիներով, մզկիթներով ու սինագոգներով, Հին Արևելքին բնորոշ կառուցապատված մի քաղաք-թանգարանում:
Այստեղ ամեն մի հուշ տանում է մինչև Հին ուխտի հերոսները՝ Աբրահամ, Իսահակ, Հակոբ նահապետները, եգիպտական փարավոնների, բաբելոնյան արքաների, հելլենիստական կուլտուրայի, Հերովդես Շինարարի, հռոմեական լեգեոնների, արաբական խալիֆաթների, եվրոպական խաչակիրների, թուրքական սուլթանների և դրանցից ամենավերջինը՝ անգլիական մանդատի ժամանակները:
Այս քաղաքում ամեն մի քար կարծես իր բազմադարյա պատմությունն է թաքցնում, որի գաղտնիքները միայն քչերին են հայտնի, բայց հիմա մենք պիտի փորձենք բացահայտել դրանցից մի քանիսը:
Դրա համար նախ դիտենք մեր օրերի, բայց Հին Երուսաղեմի հատակագիծը, և այն մեզ կպատմի, որ այստեղ, այս մի քանի քառակուսի կիլոմետր տարածության վրա, կողք կողքի ծվարել են երեք կրոնների ամենահամառ ներկայացուցիչները, որոնց արմատները մինչև աշխարհի պատմության հիմքերն են ձգվում, ազգեր, որոնք իրենց ջանքի և քրտինքի ու շատ հաճախ էլ արյան գնով կառչեցին այս մի բուռ հողին: Հող, որը կյանքի նման թանկագին էր բոլորի համար, մանավանդ քրիստոնյաների, որովհետև նրանց դավանած Աստվածը՝ Հիսուս Քրիստոսը, ապրեց, քարոզեց, լացեց այս քաղաքի համար ու խաչվեց մասունքի նման սուրբ այս հողի վրա:
Նախ` սկսենք քրիստոնեական թաղամասից, որն ամենամեծն է ու ամենահայտնին, որովհետև այստեղ են գտնվում Հիսուսի խաչելության վայրը՝ Գողգոթան, Նրա գերեզմանն ու Հարության վայրը: Այդ բոլորը մի հարկի տակ է՝ սուրբ Հարության տաճարում (ուր տեղի ունեցան վերջին հայտնի ծեծկռտուքները):
Իսկ արաբ մուսուլմաններով բնակեցված թաղամասի արմատները մինչև Օմար խալիֆան ու Սալահեդդինի ժամանակներն են ձգվում: Այստեղ, ի տարբերություն քրիստոնեականի, մեծ մասամբ մաքրությամբ չփայլող հին ու նեղլիկ փողոցներ, ցածրիկ տներ ու շուկաներ են՝ խայտաբղետ ազգերից կազմված զբոսաշրջիկների անդադար հոսքով: Աչք շլացնող շուկան կարծես Հին Երուսաղեմի ոլորապտույտ աղիքները լինի, որտեղ բազմազան ու բազմաբնույթ ապրանքները հաջողությամբ փողի են վերածվում և հակառակը:
Այս թաղամասի ոլորապտույտ փողոցներից մեկը կոչվում է Վիյա Դոլորոսա, որ թարգմանվում է Կյանքի ճանապարհ, իսկ իրականում դա մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին խաչելության տանող ճանապարհն է՝ Պիղատոսի պալատից մինչև Գողգոթա։ Այս թաղամասին կից գտնվում է նաև մահմեդականների համար Մեքքայից հետո ամենակարևոր սրբատեղին՝ Օմարի մզկիթը կամ, ինչպես իրենք են անվանում, Ալ- Ակսան, որտեղ Աբրահամը պետք է ողջակիզեր իր Իսահակ որդուն: Այստեղ մոտ 2000 տարի առաջ դեռ կանգուն էր Սողոմոնի կառուցած հրաշատեսիլ տաճարը, որը հիմնովին քանդվեց Տիտոս կայսրի օրոք՝ 70 թվականին, այն բանից հետո, երբ հրեաները որոշեցին ապստամբել Հռոմեական կայսրության դեմ, ինչի մասին Հիսուսն արդեն մարգարեացել էր, ասելով. «Այդ բաները, որ տեսնում եք, օրեր պիտի գան, երբ քարը քարի վրա պիտի չմնա, որ չքանդվի» (Ղուկ., 21:5): Եվ այդ մարգարեությունը կատարվեց բառիս բուն իմաստով, որովհետև հռոմեական կատաղի զինվորները նախ թալանեցին տաճարը, հետո այն հրկիզեցին: Բայց շուտով, չգիտես որտեղից, նրանց մեջ լուր տարածվեց, թե իբր առասպելական հարուստ Սողոմոն արքան տաճարի հիմքերը հալած ոսկով է շաղախել: ՈՒ դա առիթ հանդիսացավ այդ հսկայական տաճարը մինչև հիմքերը քանդելու, որով և բառացիորեն կատարվեց Հիսուսի մարգարեական խոսքը:
Իսկ որպես հուշ այդ բոլորից մնաց միայն տաճարի պարսպի մի հատվածը, որը կոչվում է «Լացի պատ»։
Հենց այս պատից էլ սկսվում է Հին Երուսաղեմի երրորդ թաղամասը՝ Հրեականը։
Այս թաղամասը համեմատաբար նոր է, ընդամենը կեսդարյա պատմություն ունի, որովհետև ճիշտ այդքան ժամանակ է անցել այն օրվանից, երբ հրեաներին իրավունք տրվեց վերադառնալու իրենց հայրերի երկիրը և տեր կանգնելու իրենց Աբրահամ նախահորը տրված ժառանգությանը: Երկու հազար տարվա պանդխտությունից հետո նորից հաստատվել հայրենիքում՝ չլսված ու չտեսնված բան է: Եվ այս հողը ծնեց «ամենաերիտասարդ» պետություններից մեկը՝ Իսրայելը, որի տարիքն ընդամենը կես դար է, իսկ նրա «ծնունդը», ավելի ճիշտ՝ վերածնունդը, տեղի ունեցավ 1948 թվականի մայիսի 14-ին: Քանի որ Տերն այդպես էլ ասել էր Եզեկիել մարգարեին, այդպես էլ եղավ. «Ահա Ես Իսրայելի որդիները պիտի առնեմ այն ազգերի միջից, որ պանդխտացան: Նրանց ամեն կողմից պիտի հավաքեմ ու իրենց երկիրը պիտի բերեմ: Նրանք Ինձ ժողովուրդ պիտի լինեն, ու Ես նրանց Աստված պիտի լինեմ» (Եզեկ., 37:21):
Միտումնավոր կերպով մենք Հայկական թաղամասի մասին գրում ենք ամենավերջում, չնայած նրա հիմնադրման պատմությունն ամենահինն է ու ամենազարմանալին, որի վրա կարծես Արարիչ Աստծո կամքի նախախնամության անտեսանելի կնիքը լինի դրված: Քանզի ինչպես մարմնացյալ Տերը քայլեց սուրբ Երկրով, այդպես էլ հարությալ նույն Աստվածը կամեցավ Իր արարչական կնիքով Հայոց հողի վրա ԷՋ-ՄԻԱԾԻՆԸ հաստատել, որի ակունքները բխում են սուրբ Երկրի, սուրբ քաղաքի սուրբ լեռան վրայից:
Սկսենք սուրբ Հակոբյանց մայրավանքից, քանզի այս է հենքը Հայոց թաղամասի:
Այն հիմնադրվել է անհիշելի ժամանակներից, որի արմատները հասնում են մինչև Տրդատ թագավոր ու Գրիգոր Լուսավորիչ: Ամեն կողմից բարձր պարիսպներով շրջապատված այս վանքն առանց չափազանցության կարելի է անվանել քաղաք՝ քաղաքի մեջ: Իր սուրբ Հակոբ տաճարով, եկեղեցիներով, սրբատեղերով, վանական խցերով, պատրիարքարանով, մատենադարանով, «ժառանգավորաց» և «Թարգմանչաց» վարժարաններով, մանկապարտեզով, թանգարանով, բնակելի տներով, երկու կուսակցություններով, սկաուտական խմբակներով, ակումբներով, դարմանատնով, ճաշարաններով, ֆուտբոլի դաշտով և, վերջապես, իր սեփական գերեզմանատնով։
Վանքի տարածքը կազմում է մոտ 150 000 քմ, որը Հին քաղաքի մեկ վեցերորդ մասն է և գտնվում է Սիոն լեռան բարձունքին, այն Սուրբ լեռան, որտեղ Աստված Ադամին է արարել և հետո դրախտի մեջ դրել: Այս, ինչ կարդացիք, փուչ մտքի արգասիք չէ, այլ հաստատվում է Աստծո հետևյալ խոսքով. «Սիոնը պիտի մայր կոչվի, որտեղ մարդը ծնվեց, և նրա հիմքերը Բարձրյալը անձամբ գցեց» (Սաղմոս 86:5):
Պատմում են, որ սուրբ Հակոբն այնքան վեհաշուք էր, որ նսեմացնում էր մուսուլմանների եկեղեցիների տեսքը, այդ պատճառով սուլթանը որոշում է չքանդել հայոց տաճարը։
Որպես տեղեկություն ասենք, որ հայոց սուրբ Հակոբ տաճարը հիմնադրվել է Տյառնեղբայր Հակոբոսի տան տեղում: Ասենք նաև, որ Աստծո այդ ընտրյալ ծառան դարձավ Քրիստոսի հիմնած եկեղեցու առաջին եպիսկոպոսը: ՈՒ երբ նրան հրեաները նախանձից սպանեցին, բարեպաշտները, որոնց թվում էր և Մարիամ Աստվածածինը, նրա աճյունը բերեցին և ամփոփեցին այս տեղում: Այս տաճարում է գտնվում Հակոբոս առաքյալի գլուխը: Այդ սրբի անունով տաճարում կա մի տեղ, որն այդպես էլ կոչվում է՝ «Սուրբ Գլխադրի մատուռ»: Հետագայում Գրիգոր Լուսավորչի հորդորներով ու Տրդատ թագավորի ջանքերով ձեռք բերվեց այդ տեղը՝ որպես սեփականություն ազգիս հայոց:
Միջքաղկեդոնական խժդժություններից հետո, հույների ճնշումներից ձերբազատվելու համար, հայերը 637-ին ձեռք են բերում թե՛ կալվածքների սեփականության անխախտ իրավունքներ, թե՛ անկախ պատրիարքություն ունենալու հրովարտակ: Ավելացնենք, որ ասորիները, ղպտիները և հաբեշներն ի սկզբանե պատրիարքություն չեն ունեցել և միշտ հայոց պատրիարքության հովանու տակ են եղել:
Որպես լրացում ասենք, որ Կիլիկիային մերձ լինելու պատճառով Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մինչև 13-րդ դարը բոլոր առումներով, այսինքն՝ հոգևոր թե նյութական, կախում ուներ Ռուբինյան թագավորներից ու Սիսի կաթողիկոսությունից:
Իսկ «Թարգմանչաց» վարժարանին կից գտնվում է ուրիշ, ոչ պակաս կարևոր մի եկեղեցի՝ սուրբ Հրեշտակապետաց անունով: Այդ անունն է կրում, որովհետև, ըստ ավանդության, այնտեղ է գտնվել Աննա քահանայապետի տունը, ուր մատնության գիշերն առաջին անգամ տարվեց Հիսուս Քրիստոսը, նախնական հարցաքննության համար: Ըստ հնագետների, եկեղեցին իր ճարտարապետական ոճով համարվում է 4-րդ դարի կառույց: Կա մի գեղեցիկ ավանդություն, որ սուրբ Հռիփսիմյանց կույսերը, մինչև Հայաստան գալը, եղել են այստեղ, և Քրիստոս Տիրոջ չարչարանքների առաջին վկայարանում բոլորը միասին ուխտ են արել չարչարանակից լինել Փրկչին, թեկուզ մինչև մահ, և գիտենք, որ այդ երանելիները պահեցին այդ ուխտն ու արժանացան անանց հավիտենական պսակներին:
Իսկ եկեղեցու խորանին կից, դրսի կողմից, մի փոքր բարձրության վրա, դեռ մինչև հիմա էլ կա և պտղակալում է այն ձիթենին, որից, ըստ ավանդության, կապել են մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Հուդայի համբույրով ձերբակալելուց հետո: Եվ հենց այս տեղում է, որ լսվել են մեր Տիրոջ չարչարանքների առաջին հառաչանքները մահկանացուներիս փրկության համար:
Ըստ ավանդության, Հիսուսի «Առաջին բանտի» ձիթենու ծառի տերևներով զանազան հիվանդություններ են բժշկվում, իսկ ձիթապտուղները աղոթքով օգտագործող ամուլ կանայք Աստծո ողորմությամբ և իրենց հավատքով պտղաբերում են:
Այս բոլորի կողքին կառուցված եկեղեցին Հրեշտակապետաց կամ «Առաջին բանտ» է կոչվում, որովհետև, ըստ սուրբ հայրերի գրվածքի, մասնավորապես Ներսես Շնորհալու, Հիսուսի հարցաքննության ժամանակ Աննայի հանդուգն ծառաներից մեկն այս տեղում է ապտակում մեր Տիրոջը: Երկնային զորաց պահապան հրեշտակները տեսնելով այդ մարդու ահավոր հանդգնությունը, սարսափից թևերով ծածկում են իրենց երեսները:
Հրեշտակապետաց եկեղեցու պարսպի կողքով անցնող մի բանուկ նրբանցք կա, որի վերջում վանքի երրորդ՝ փայտյա դարպասն է, որը բացվում է ուղիղ Հին քաղաքի ամենահայտնի՝ Սիոնի դռների առջև, որտեղով կարելի է գնալ հայոց սեփականությունը հանդիսացող, ևս ոչ պակաս կարևոր սրբատեղի` սուրբ Փրկիչ վանքը, որը կոչվում է «Երկրորդ բանտ»:
Սուրբ Փրկիչը ոչ միայն լոկ վանք է, այլև բոլոր ի Քրիստոս ննջեցյալների հանգստարան, այսինքն՝ այդ վանքի պարսպապատ բազմահեկտար տարածքում հայոց գերեզմանատունն է գտնվում:
Մուտքի ձախ կողմում մի հսկայական, բայց, ավա՜ղ, կիսավարտ եկեղեցու կառույցն է, որը դեռ Եղիշե պատրիարքի ժամանակներից է սկսվել, ու այդպես էլ չկարողացան ավարտել, և դժվար էլ թե երբևէ ավարտեն, որովհետև հրեական կառավարության հրամանով Հին Երուսաղեմի տարածքում ոչ մի կառույց իր բարձրությամբ չպիտի գերազանցի քաղաքի պարիսպների բարձրությունը, իսկ եկեղեցին կիսակառույց վիճակում համարյա այդ բարձրության է: Թե ինչ լուծում պիտի տրվի այդ կառույցին, ոչ ոք չի պատկերացնում, բայց որ լուծումն անհրաժեշտ է, դա հաստատ է, որովհետև ճիշտ այդ կիսակառույց եկեղեցու տակ է գտնվում քրիստոնեական աշխարհի համար մի շատ կարևոր վայր՝ Կայիափա քահանայապետի տունը, որտեղ Հիսուսին բերեցին Աննա քահանայապետի տնից, և որտեղ մեր Տերն իր բանտարկության առաջին գիշերն անցկացրեց՝ մարդկության փրկության համար հանդուրժելով փարիսեցիների, ծառաների և զինվորների ծաղրանքներն ու լուտանքները: Այդ նույն վայրում, քահանայապետի տան գավթում էր, որ Պետրոսը Հիսուսին ուրացավ, և վերջապես այդ տան մեջ Սինեդրիոնը, այսինքն, հրեաների ծերակույտը, հարցաքննելով մեր Տիրոջը, մահվան վճիռ կայացրեց: Սուրբ Փրկիչ վանքում են գտնվում նաև Երուսաղեմի նախկին բոլոր հայոց պատրիարքների և հոգևոր առաջնորդների շքեղ ու մարմարակերտ տապանաքարերը, որոնք կողք կողքի շարված են հինավուրց ու ջնարակված գեղեցիկ հախճասալիկներով զարդարված կամարազարդ դամբարաններում: Դիտելով այդ տեսարանը և ըմբոշխնելով դարերի բույրը, լցվում ես անբացատրելի հպարտությամբ, որ այս բոլորը քո հավատավոր նախնիների անջնջելի պատմության վկաներն են, որոնք այս սուրբ ու Ավետյաց երկրում հավատքի բարի պատերազմ են մղել այս աշխարհի իշխանի դեմ, որպեսզի հայ ազգն այս սուրբ երկրում արմատ ձգի, սրբատեղերի օրհնություններով զորանա և դարեդար հարատևի իր նախնիների հողում, իր սրբատեղերով, իր լեզվով և, վերջապես, իր լույս հավատով:
Պատրիարքների հանգստարանի դիմաց գտնվում է Չարչարանաց եկեղեցու սուրբ սեղանը, որի տակ, ըստ հավաստի տվյալների, գտնվում է Հիսուսի գերեզմանի մուտքի քարի բեկորը, որ հրեշտակը հարության օրը գլորեց և վրան նստեց: Իսկ այդ փոքրիկ եկեղեցու ներսում, սուրբ սեղանի ձախ կողմում, կա նեղլիկ դուռ, որը տանում է Հիսուսի բանտը (սա այն խուցն է, որտեղ մեր չարչարված ու անարգված Տերն անցկացրեց իր երկրային կյանքի վերջին գիշերը): Ո՜վ գիտե, թե ինչ էր Նա մտածում այդ ահավոր գիշերը, և տիեզերքում, երկնքի ներքո ի՜նչ զորավոր պատերազմ էր գնում այդ պահին, չէ՞ որ այդ խավար ու դժնդակ գիշերվա մեջ վճռվում էր մարդկության ճակատագիրը. հավիտյան սատանայի հետ տանջալից դժո՞խք, թե՞ դրախտի օրհնաբույր կյանք: Եվ այդ ի՜նչ խոնարհություն, ի՜նչ սեր, ի՜նչ մեծություն ցուցաբերեց մեր Տերը, որ մահկանացուներիս փրկության իրագործման համար իր երկրային կյանքի առաջին գիշերն անասունների մսուրում քնեց, իսկ վերջինը այս անձուկ ու մութ բանտախցում աղաչախառն աղոթքներով լուսացրեց:
(շարունակությունը՝ հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 3998

Մեկնաբանություններ